Այս արվեստագետը հասարակ քարերը վերածում է ափի մեջ տեղավորվող կենդանիների

Ճապոնուհի Ակի Նակատան, ով ավելի հայտնի է` որպես ուղղակի Ակի, հասարակ քարերը վերածում է անկրկնելի կենդանիների, որոնք տեղավորվում են ձեռքի ափում: Նրան ոգևորում է իր ճանապարհին հայտնված ամեն մի քարի բնական տեսքը, և նա ընտրում է դրանցից այն քարերը, որոնց ըստ իրեն արդեն իսկ վիճակված է ունենալ սեփական բնավորությունն ու կերպարը: Ինքնուս նկարչուհին դեռ մանկուց սիրում էր քարեր հավաքել: Քարերի վրա Ակին նկարում է 2011թ-ից: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մի օր գետափին զբոսնելիս նա գտավ մի յուրահատուկ քարակտոր, որ շատ նման էր նապաստակի: Ակին ասում է,- «Քարերն իրենց նշանակությունն ունեն, ես իմ հանդիպումը դրանց հետ ընկալում եմ որպես նշան այն բանի, որ պետք է ընդառաջ գնալ ու նկարել այն, ինչ ես տեսնում եմ դրանց վրա»:

Երբ կենդանանման քարերը պատրաստ են, Ակին ուշադիր և զգուշությամբ զննում է դրանցից յուրաքանչյուրն ու ինքն իրեն հարցեր տալիս. «Արդյո՞ք ողնաշարը ճիշտ տեղում է, իրեն լա՞վ է զգում, գուցե ինչ-որ բան չի՞ համապատասխանում քարի բնական ձևին»: Ապա նա խնամքով գունավորում է քարերի մակերեսը ակրիլային ներկերով: Կատուներ, շներ, նույնիսկ բվեր ու մկներ, մինչև անգամ առնետների մի ողջ ընտանիք. Ակիի քարե կենդանիներն անհավատալիորեն իրական են թվում: Նրանց աչքերն Ակին միշտ ամենավերջում է նկարում և միայն այն ժամանակ է իր աշխատանքն ավարտված համարում, երբ աչքերն արդեն կյանքով լի են ու պատասխան հայացքով իրեն են նայում: «Ինձ համար աշխատանքի ամբողջականությունը կախված չէ նրանից, թե քանի դետալ եմ արդեն նկարել, կարևորն այն է, որ ես զգամ կյանքը քարի մեջ»,- ասում է նկարչուհին:

Մինչ բոլորը պնդում են, որ քարը կենդանի օրգանիզմ չէ, Ակին, մի քար ափի մեջ սեղմած, զգում է այն ամենն, ինչ նա լռությամբ շշնջում է հազարամյակների խորքից: Նկարչուհին հավատում է, որ ամեն քար կարող է իր պատմությունը պատմել, և որոշել է իր նկարչությամբ դրանցից յուրաքանչյուրին կենդանության շունչ հաղորդել: Նա ասում է,- «Երբեմն նկարելիս ես խոսում եմ քարի հետ` այն ձեռքիս մեջ պահելով»: Ակին հույս է հայտնում, որ ամեն ոք, ում ձեռքում կհայտնվի իր կենդանի-քարերից մեկը, կարժևորի այն այնպես, ինչպես սեփական կյանքն է արժևորում, քանի որ, ինչպես նկարչուհին է ասում, մենք` բոլորս, կանգնած ենք նույն հողի վրա և սերում ենք այդ նույն հողից:

Ակիի անկրկնելի արվեստի գործերը հասանելի են նաև Ինստագրամում, ու եթե դու հաջողակ ես, կարող ես անգամ հնարավորություն ստանալ ձեռք բելերու նրա յուրօրինակ աշխատանքներից մեկը, երբ նա դրանք տեղադրի Ֆեյսբուքում:

Stone Artist Akie: Instagram , Facebook