«Երկրային հաճույքների այգին» պատկերող դաջվածքներով այս կինը բոլորովին այն չէ, ինչ թվում է

«Երկրային հաճույքների այգին» պատկերող դաջվածքներով այս կինը բոլորովին այն չէ, ինչ թվում է

Լուսանկարը, որում այս աղջիկը ցուցադրում է Հիերոնիմուս Բոսխի ոճով արված իր գեղեցիկ դաջվածքը, ամենևին էլ լուսանկար չէ: Իրականում սա լեհ նկարչուհի Ագնեշկա Նիենարտովիչի հիասքանչ յուղանկարն է: Նա ընդամենը երկու տարի առաջ է ավարտել Գդանսկի (Լեհաստան) Գեղեցիկ արվեստների ակադեմիան, բայց արդեն անհավատալի վարպետություն է դրսևորում իր արվեստում:

Այս յուրահատուկ կտավն իրենից ներկայացնում է Հյուսիսային Վերածննդի (15-16-րդ դարեր) նախահայր Հիերոնիմուս Բոսխի աշխատանքի և ժամանակակից տատու արվեստի տարրերի համադրություն:

Հետաքրքրական է, որ նկարի այն կտորը, ուր պատկերված է Բոսխի «Երկրային հաճույքների այգին», Նիենարտովիչը նախապես գծագրել է իր գաղտնի մտորումներում: Նկարչուհին խորապես հետաքրքրված էր մարդկային ներաշխարհի խնդիրներով ու զգացմունքներով: Ուսումնասիրելով 15-րդ դարի գեղանկարչական արվեստը, հասկացավ, որ այն իր ուղերձը տարածելու լավագույն միջոցն է:

Ագնեշկան մի անգամ ասել է,- «Մարդիկ հակասություններով լի են ու անհաշտ. նրանք փորձում են բարին գործել, բայց փոխարենը չարիք է ստացվում: Ես մտորում էի մարդու բնության մասին, մեղքի ու չարակամության մասին, որոնք մեր գոյության անբաժանելի մասն են կազմում, ասես դաջված են մեր ներսում: Հետո ես մտաբերեցի Բոսխի եռապատկերը, որ հենց մարդկային բնության մասին է: Ես սիրում եմ այս կտավը. այն այնքան արտասովոր է, բայց, միևնույն ժամանակ, հրաշալի է, գեղեցիկ»:

Բոսխի կերպարները, որ երիտասարդ արվեստագետը մեծ վարպետությամբ վերարտադրել է իր յուղաներկով, խորհրդանշում են մարդ տեսակի անկումը` հակադրվելով նկարում պատկերված նրբիրան գեղեցկուհուն:

Նիենարտովիչի այս աշխատանքը պատկանում է ժամանակակից արվեստում մեծ տարածում գտած նոր ուղղությանը, որի հիմքում կերպարային նկարչության միջոցով հնի վերադարձն է:

Թեև նա ընդառաջ է գնում հիպերռեալիզմին, բայց կտավում ակնհայտորեն շոշափելի է գեղանկարչական շունչը: Հնի ու նորի այսպիսի համադրությամբ նկարչուհին ձգտում է հասնել վաղ շրջանի վարպետների կատարելությանն ու պահպանել նրանց ավանդույթները նաև 21-րդ դարում:

Իսկ ի՞նչ բավականություն է ստանում Ագնեշկա Նիենարտովիչն իր կտավներում ժամանակակից ու ավանդական տարրերի համադրությունից:

«Ես կտավի յուրաքանչյուր հատվածի վերաբերվում եմ` որպես սովորական, հերթական կտոր, բայց մյուս կողմից էլ, ավանդական տարրերը պատմություն են կրում իրենց մեջ ու նկարը լցնում են զգացմունքայնությամբ: Բացի այդ, դրանք իմ կտավներում ներառելով` ես այդ ավանդական տարրերին նոր բովանդակություն եմ հաղորդում, նոր նշանակություն ու կյանք տալիս: Միգուցե սա նաև իմ խոնարհումն է Վարպետների առջև»:

Agnieszka Nienartowicz: Website , Facebook , Instagram

Close Menu